Մայիսի 28-ին չեխական Լիդիցեում հանդիսավորությամբ բացվեց 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որին աննախադեպ մասնակցություն էր արձանագրվել՝ աշխարհի 77 երկրներից ուղարկել էին 27 868 աշխատանք։ Ինչպես բացման ելույթում նշել է ցուցահանդեսի պատասխանատու Իվոնա Կասալիցկան,68 երկրների 1516 աշխատանքներ արժանացան մրցանակների։ Լավագույն 200-ը ստացել են մեդալներ որոնցից 132-ը անհատական մեդալներ են, իսկ 62-ը տրվել է դպրոցներին, 6-ը՝ թիմային աշխատանքով ստեղծված գործերին։ Այս տարի միջազգային գլխավոր մրցանակը տրվեց ուկրաինական Դոնեցկի ՄԻԳ լուսանկարչական ստուդիային, որն ստացավ գնդակոծված Դոնեցկից Լիդիցե ժամանած գեղարվեստի դպրոցի ուսուցչուհիներից մեկը, իսկ Չեխիայի համար նախատեսված մրցանակը տրվեց Պրոշտևով քաղաքի գեղարվեստի դպրոցին:
Լիդիցեի ցուցահանդեսի համակարգող Իվանա Կասալիցկան նաև նշել է, որ Չեխիայից ստացվել է 5193 աշխատանք, որոնցից 687-ը արժանացել են մրցանակների, այդ թվում` 98 մեդալի:
Ինչպես ամեն տարի այս տարի էլ մրցույթին ներկայացված էին Հայաստանի տարբեր շրջանների գեղագիտական դպրոցների աշակերտների աշխատանքներ։ Առաջատարը Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցն է, որի սաներից մեդալի է արժանացել 7- ամյա Հասմիկ Գևորգյանը։ Մեդալի է արժանացել նաև ողջ դպրոցը` Անահիտ Աբգարյանի (10 տարեկան), Ռաֆայել Գրիգորյանի (11), Դավիթ Խառատյանի (11), Սամվել Սահակյանի (9), Սոֆյա Սիմոնյանի (9), Հայկ Տերտերյանի (11), Հարություն Վարդանյանի (9) և Անգելինա Զանդյանի (11) աշխատանքների համար։ Քասախի արվեստի դպրոցի սան, 12- ամյա Սամվել Մանասյանն արժանացել է պատվոգրի՝ փայտի վրա քանդակած խաղողի ողկույզի համար։ Իսկ Երևանի Գասպարյան արվեստի ստուդիայի սաները՝ 7- ամյա Լիլիթ Գյոդակյանը, 10-ամյա Էդգար Սամվելյանը և 9- ամյա Ալբերտ Սիմոնյանը, արժանացել են պատվոգրերի։ Պարգևները կուղարկվեն Հայաստան և կհանձնվեն տեղում կազմակերպված հանդիսության ընթացքում:
Միջոցառման բացման արարողությանը ներկա են եղել Չեխիայի կառավարության պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նունե Զաստուխովան: